Նոյեմբերի 30-ին Երևանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հիմնադրման 46-ամյակն են նշել: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, կառավարության ներկայացուցիչներ և հյուրեր: Ողջույնի խոսքում Հայաստանում ԱՄԷ դեսպան Ջասիմ Մուհամմեդ Ալ Կասիմին նշել է, որ երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և անցյալ տարի հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նրա խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցյալ տարվա այցը ԱՄԷ, Աբու Դաբիի թագաժառանգի առաջիկա այցը Հայաստան, այս տարվա հուլիսին ԱՄԷ ԱԳ նախարարի Երևան այցը վկայում են, որ կողմերը նոր մակարդակի հարաբերություններ են հաստատում: Դեսպանը շեշտել է, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը այս տարվա 9 ամիսներին հասել է 140 մլն դոլարի՝ ի տարբերություն նախորդ տարվա 71 մլն դոլարի ցուցանիշի, իսկ Հայաստանից ԱՄԷ թռիչքների քանակը շաբաթական մինչև 18-ի է հասել:
«Ակնհայտ է, որ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը, Հայաստանում ԱՄԷ-ի ներդրումների աճը վկայում են Հայաստանի տնտեսության մեջ գործարար վստահության մասին, ինչին նպաստել են նաև հայ գործարարների ջանքերը»,- ասել է դեսպանը: